Ապրիլի 17-19-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում տեղի է ունենում «ՀՀ տնտեսական համակարգը. նորարարություն, իրագործում, զարգացում» խորագիրը կրող IN HEAD միջբուհական ուսանողական գիտաժողովը։
Այն կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողական խորհուրդը՝ ՀՊՏՀ հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Ապրիլի 18-ին գիտաժողովի աշխատանքներին ներկա էր ՀՀ վարչապետ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Կառավարության ղեկավարը, ողջունելով ուսանողներին, նշեց, որ երիտասարդների կարողությունների նպատակային կիրառումը պետության և հասարակության կայուն զարգացման կարևոր նախապայմաններից է։ Այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը երիտասարդության՝ հասարակության մեջ ակտիվ ներգրավման և սոցիալական ապահովման հետ կապված խնդիրները հայտարարել է պետական սոցիալական քաղաքականության ռազմավարական ուղղություն։ Վարչապետն ընդգծեց, որ մի շարք ծրագրեր են իրականացվում՝ ուղղված երիտասարդության զբաղվածության և սոցիալական հարցերի լուծմանը։ Մասնավորապես, հիփոթեքային համակարգից օգտվելու հնարավորությունների ընձեռումն այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսիք են երիտասարդներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագիրը։ Խթանման մեխանիզմներ են սահմանվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սկսնակ գործարարների համար։ Վարչապետ Աբրահամյանը նկատեց նաև, որ, այդուհանդերձ, խնդիրները բազմաբնույթ են, և դեռևս անելիքներ շատ կան։ «Վստահ եմ, որ երկրի տնտեսական վերելքին զուգահեռ մենք ի վիճակի կլինենք զգալիորեն բարելավել իրավիճակը։ Այսօր մեր ամենալուրջ խնդիրներից մեկը զբաղվածության հարցն է։ Համոզված եմ, որ գործազրկության մակարդակի նվազեցման եղանակներից մեկը մասնագիտական հմտությունների բարձրացումն է և երիտասարդության ներգրավումը ձեռնարկատիրական գործունեության մեջ։ Միևնույն ժամանակ գիտակցելով տնտեսության հետագա զարգացման համար նորարարության կարևորությունը՝ որդեգրել ենք գիտելիքահեն տնտեսության կառուցման ուղին, որի նպատակով հստակ քայլեր են ձեռնարկվել, և արդյունքներն արդեն իսկ տեսանելի են։ Ուրախալի է, որ ՀՀ տնտեսության առաջընթացի մասին մտածում են նաև երիտասարդները, ուսանողները, որոնց նորարարական մոտեցումները, հիմնավոր առաջարկներն ու արժեքավոր հետազոտությունները կարող են գործուն նշանակություն ունենալ տնտեսության զարգացման համար։ Նման համաժողովները նպաստում են նաև կառավարությանը ճիշտ կողմնորոշվելու, նաև ունենալու ուսանողների, երիտասարդների աջակցությունը»,- նշեց ՀՀ վարչապետը։
Գիտաժողովի շրջանակներում երեք օրերի ընթացքում անդրադարձ կլինի մի շարք արդիական տնտեսական թեմաների՝ ՀՀ տնտեսական զարգացման ուղղությունների հեռանկարները` ԵՄ, թե ՌԴ, հեռահաղորդակցության շուկայի արդի վիճակը ՀՀ-ում, էկոլոգատնտեսական վնասի գնահատման և փոխհատուցման հիմնախնդիրները ՀՀ-ում, ՀՀ պետական պարտատոմսերի շուկայի զարգացման առանձնահատկությունները, նորարարության միջազգային մրցունակության հիմնախնդիրները ՀՀ-ում, բիզնեսի կառավարման առանձնահատկությունները ՀՀ-ում, կրթությունը՝ որպես տնտեսության զարգացման գրավական և այլն։ Գիտաժողովն ունի նաև հատուկ բաժին, որտեղ ներգրավված են Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կրած նյութական կորուստները և դրանց փոխհատուցման հնարավորությունների թեմաները։
Գիտաժողովին մասնակցում են մոտ 100 ուսանողներ ՀՀ տարբեր բուհերից։ Նրանք ընտրվել են մրցութային կարգով` ներկայացված զեկույցների հիման վրա:
Ծրագրի նպատակն է ուսանողներին հնարավորություն ընձեռել գիտաժողովին մասնակցելու շնորհիվ կատարելագործել մասնագիտական ունակությունները, զարգացնել վերլուծական միտքը և մասնակցել տնտեսագիտական ոլորտի հայտնի ներկայացուցիչների ինտերակտիվ դասախոսություններին և քննարկումներին: